Sunday, April 15, 2018

5 ամենակարևոր բաները, որ Արա Աբրահամյանն արել է Հայաստանի ու հայերի համար


Картинки по запросу Ara Abrahamyan
Այսօր գործարար, հասարակական ու քաղաքական գործիչ Արա Աբրահամյանի 61-րդ տարեդարձն է: Այս առիթով ուզում եմ շնորհավորել նրան ու առանձնացնել ըստ իս 5 ամենակարևոր բաները, որ նա արել է Հայաստանի ու հայերի համար:

Ռուսաստանի Հայերի Միություն

Հենց Արա Աբրահամյանի ջանքերով ստեղծվեց Ռուսաստանի ամենամեծ ու ազդեցիկ հասարակական մարմինը, որը միավորում է այդ անծայրածիր երկրի բոլոր անկյուններում բնակվող հայերին։ Ոմանք քննադատաբար կարող են մոտենալ այս կառույցի գործունեության որոշ դրվագների, բայց աներկբա է այն փաստը, որ այդ մասշտաբի այլ միավոր չկա, ու ի հեճուկս ցանկացած քննադատությունների, ՌՀՄ-ի գործունեությունն անկասկած անգնահատելի է ու դրական հայերիս, Հայաստանի ու Ռուսաստանի համար։ Քննադատել կարող են բոլորը, իսկ այ նման կառույց ստեղծել ու երկար տարիներ հաջողությամբ ղեկավարել կարողացել է դեռևս միայն Արա Աբրահամյանը։

Ռուս-հայկական հարաբերություններ

Միջպետական հարաբերություններում անչափ կարևոր են հումանիտար քաղաքականությունն ու այսպես կոչված՝ «ժողովրդական դիվանագիտությունը», որովհետև այն, ինչ անում է պետությունը, կարևոր է, բայց բավական չէ։ Արա Աբրահամյանն անձամբ ու իր ղեկավարած կառույցներով մեծապես նպաստում է, որ Ռուսաստանում լինի հայանպաստ ու հայաստանանպաստ մթնոլորտ։ Չափազանցություն չի լինի պնդելը, որ շատ ռուսաստանցիների համար (հասարակ քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյա) Հայաստանի ու հայերիս նկատմամբ դրական տրամադրվածությունը ձևավորվել է հենց Արա Աբրահամյանի ու նրա գործունեության շնորհիվ՝ կլինի դա ռուս-հայկական բարեկամությունն ամրապնդող համատեղ միջոցառումներ, թե միջանձնային ու գործնական հարաբերություններ։

Ներդրումներ

Կան մարդիկ, ովքեր խոսում են ներդրումներ անելու մասին, ու կան մարդիկ, ովքեր առանց առանձնապես աղմկելու անում են դրանք։ Երկար տարիներ Արա Աբրահամյանը միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանի տնտեսությունում ու հիմա էլ շարունակում է, ինչի շնորհիվ մեր բազմաթիվ համաքաղաքացիներ իրենց հացի գումարը վաստակելու հնարավորություն են ստացել։ Եթե մեր բոլոր մեծահարուստ հայրենակիցները Արա Աբրահամյանի չափով ու պատրաստակամությամբ վերաբերվեին հայրենիքում ներդրումներ անելուն, ապա մենք այսօր շատ ավելի բարվոք վիճակի տնտեսություն կունենայինք։

Հայկականության պահպանություն

Օտարության մեջ շատ դժվար է պահպանել ազգային ինքնանույնականացումը ու չձուլվել այլ ազգերի ու մշակույթների հետ։ Դրա համար շատ կարևոր է, որ լինեն հարազատ մշակույթը ու քաղաքակրթական կոդը պահպանող նախաձեռնություններ։ Արա Աբրահամյանի ջանքերով Ռուսաստանի տարբեր անկյուններում կառուցվել են բազմաթիվ հայկական եկեղեցիներ, կանգնեցվել են հուշարձաններ և խաչքարեր, անց են կացվել տարատեսակ մշակութային միջոցառումներ։ Այս ամենի ամբողջությունը հազարավոր ռուսաստանաբնակ հայերի հնարավորություն է տալիս հաղորդակցվել հայրենի հոգևոր ու մշակութային ժառանգության հետ, ոչ միայն պահպանել իրենց ինքնությունը, այլև հպարտանալ դրանով ու կիսվել այլ ազգերի ու մշակույթների ներկայացուցիչների հետ։

Օգտավետություն

Կա մի բան, որ բնութագրում է Արա Աբրահամյանին այնպես, ինչպես քչերը կարող են պարծենալ։ Այդ յուրահատկությունը կարելի է արտահայտել մեկ բառով՝ «չվնասել»։ Կարելի է երկար թվարկել Արա Աբրահամյանի արած գործերը, նույնիսկ կարելի է քննարկել դրանք, բայց մի բան անուրանալի է՝ Աբրահամյանը երբեք չի արել որևէ բան, որը կվնասեր Հայաստանին։ Նրան չի կարելի մեղադրել նրանում, որ նա հարստացել է Հայաստանի ժողովրդի ու մեր շահերի հաշվին, նա երբեք չի մասնակցել ներքաղաքական սուր ինտրիգներին, չի զբաղվել կասկածելի տարրերի ֆինանսավորմամբ և չի նկատվել որևէ այլ տեսակի գործունեությունում, որը կարող էր վնասել մեր երկրին։ Սա թույլ է տալիս ասել, որ ֆիզիկայի լեզվով ասած՝ Աբրահամյանի ՕԳԳ-ն 100% է:

Վերջում, ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհավորել մեր մեծանուն հայրենակցին և մաղթել նրան երկար տարիների առողջ ու երջանիկ կյանք, ինչպես նաև հաջողակ ու բեղմնավոր գործունեություն։ Արա Աբրահամյանի ու նրա պես մարդկանց շնորհիվ շահում է մեր աշխարհասփյուռ ազգն ու մեր հայրենիքը։

No comments:

Post a Comment