Thursday, January 28, 2016

Վուլգար լրագրություն

Մեր իշխանավորները սիրում են որոշակի տոն օրերին, ինչպիսին հունվարի 28-ն է, այցելել եռաբլուր։ Այդ օրը Եռաբլուր պարտադիր այցելում են նաև ևս երկու կատեգորիայի մարդիկ․ պրոֆեսիոնալ մուրացիկներն ու լրագրողները։ Ու այս «Եռամիասնության» արդյունքում ծնվում է մի զզվելի բան, որն արդեն դարձել է ավանդական։

Մի կողմ դնենք մուրացկաններին, ովքեր առանց ամոթի ու խղճի խայթի կարող են տեսախցիկների առաջ նսեմանալ ամեն կերպ, հերոսացնեն վերջին տականքին ու կորցնեն մարդկային կերպարանքի վերջին նշույլներն իսկ։

Մի կողմ դնենք Եռաբլուր այցելող իշխանավորներին ու բարձրաստիճան պետական այրերին, որոնցից շատերը իրենց պաշտոնավարման ընթացքում հասցրել են ուրանալ ու ոտատակ տալ այն ամենը, ինչի համար արյուն են թափել ու հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքն են դրել Եռաբլուրում հանգչող տղաները։

Եկեք խոսենք Եռաբլուր այցելող լրագրողների մոտ արդեն թրենդ դարձած վարվելակերպի ու էթիկետի (ճիշտ կլինի ասել՝ դրա ի սպառ բացակայության մասին)։ Այն ինչ անում են լրագրողներն էլ չէ, լրագրող աշխատող կերպարները, ես անվանում եմ վուլգար լրագրություն։ Ագրեսսիա, անդաստիարակություն ու լրագրողական էթիկայի կոպիտ խախտումներ։ Տպավորություն է, թե իրար մեջ մրցում են, թե ով ավելի վիրավորական հարց կամ ակնարկ կանի այս կամ այն պաշտոնյային, ով այնպիսի իրավիճակ կկարողանա ստեղծել, որ պաշտոնյաներից մեկի նյարդերը տեղին տան ու ինչ որ բան ասի, որպեսզի դրանից րոպեներ անց, այդ հոլովակը հայտնվի համացանցում ու բոլորը քլունգներն առնեն ձեռքները ու թափվեն ֆեյսբուք։

Պարոնայք ու տիկնայք եռաբլրային վուլգարներ։ Հասկանո՞ւմ եք արդյոք, որ զազրանք առաջացնելու տեսանկյունից, դուք ոչնչով հետ չեք մնում ո՛չ այնտեղի մուրացկաններից, ոչ էլ այն այրերիցց, ում գնում եք սադրելու։ Չգիտե՞ք արդյոք, թե որտեղից է լրագրողի աշխատանքը վերածվում բեսեդայի զրույցի ու լաչառի ճղճղոցի։ Տեղյա՞կ եք արդյոք, որ սուր հարց տալը չի նշանակում ձեր սուբյեկտիվ դատողությունների, տեսակետի, կեննսափորձի գերակայություն։ Դժվա՞ր է պահպանել պրոֆեսիոնալիզմը՝ ծառայողական պարտականություններն իրականացնելիս։ Եթե Ձեզ խեղդում է Ձեր սուբյեկտիվիզմը, բարեխղճորեն կատարեք Ձեր գործը, հետո եկեք ու Ձեր բլոգում, կամ էլ ֆեյսբուքյան Ձեր էջում գրեք Ձեր սուբյեկտիվ կարծիքն ու տեսությունը և ում այն հետաքրքիր է՝ հրամցրեք նրան։ Սակայն երբ դուք լրագրողի կարգավիճակում, կատարում եք լրագրողական աշխատանք, ինձ հետաքրքիր չէ, թե պայմանական ֆահրադ Փայլակյանը, կամ էլ Հարություն Խուճիկյանը ինչ սուբյեկտիվ կարծիք ու դիրքորոշում ունի, ինձ հետաքրքիր է նրանից ստանալ օբյեկտիվ, անաչառ ու անկողմնակալ լրատվություն։

Մի վուլգարացրեք լրագրություն, պարոնայք ու տիկնայք լրագրողներ։

No comments:

Post a Comment