Friday, January 29, 2016

Լրագրողների շփվելու ոճը

Արամ Աբրահամյանը մի հետաքրիր խմբագրականբ է գրել՝ «Լրագրողների հետ շփվելու ոճը», որտեղ ըստ էության գանգատվում է նրանից, որ մեր պաշտոնյաները հաճախ ճիշտ չեն դրսևորում իրենց լրագրողների նկատամամբ ու նրանց շփման ոճը անթույլատրելի է և անհեռատես։

Իհարկե կարելի է համաձայնվել Հայաստանի ամենափորձառու ու հարգված լրագրողներից մեկի հետ, բայց չե՞ք կարծում, որ նրա ասածի մեջ միակողմանիություն կա ու նույնիսկ կասեի կողմնակալություն, առավել ևս, եթե քննում ենք Եռաբլուրում տեղ գտած երեկվա կրկեսը։

Որպես շարքային ընթերցող, հեռուստադիտող ու պարզապես քաղաքացի, կարող եմ ասել, որ ինձ համար երեկ այդքան տհաճ չէր պաշտոնյաների կողմից ցուցավեվող շփման ոճը, որքան լրագրողների կողմից ցուցաբերված․․․ վարքը։

Ընդհանրապես, ինչո՞ւ չի ասվում այն մասին, որ լրագրողների հետ ճիշտ շփման ոճ ակնկալելուց առաջ, նախ պետք է այդ լրագրողները համապատասխանեն լրագրող լինելու համար անհրաժեշտ մինիմալ պրոֆեսսիոնալ նորմերին։ Արդյո՞ք մենք երեկ տեսանք նրանց կողմից դա։ Կարծում եմ, որ առնվազն ներկաների մասով կարող ենք ասել, որ չտեսանք, կամ էլ պրոֆեսիոնալները մնացին աննկատ՝ ընկնելով ճղճղան ու սկանդալներ որոնող դեղնավուն մամուլի առաջամարտիկների ստվերի տակ։

Արդյո՞ք Եռաբլրի գործելաոճը բացառի՞կ էր կամ էլ անականալ։ Ամենևին, որովհետև բոլորն էլ գիտեին, որ հեսա լրագրողները սկսելու են հիմար հարցերի ու գռեհիկ ձևակերպումների տարափը։ Ավելին, շատերը վստահ էին, որ այդ ամենն արվում է հենց նրա համար, որպեսզի Գորիկ Հակոբյանի, Նավասարդ Կճոյանի, Վլադիմիր Գասպարյանի, կամ էլ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ստանան ինչ որ սկանդալային բառակապակցություն, կամ էլ գործողություն ու դրանից սենսացիա փչեն։ Հետաքրքիր է, լրագրողների հետ շփվելու ոճից զատ, նույն պարոն Արամ Աբրահամյանը բանց չունի՞ ասելու գործունեության այսօրինակ ոճի մասին։

Խնդիրը նարնում է, որ մեր մոտ լրագրող-պաշտոնյա առանցքում ամեն ինչ շատ ներդաշնակ է․ ինչպիսին լրագրողներն են (մասնագիտական առումով), այնպես էլ իրենց հետ շփվում են։ Նույն լրագրողներն են Լֆիկներից ու Շմայսերից մեդիա հերոսներ սարքում, որ հետո դրանք իրենց սկանդալներով ու սենսացիաներով ապահովեն, նույն լրագրողներն են փնթի ու անստույգ տեղեկատվություն տալով՝ ստեղծում բացասական ընկալում իրենց մասնագիտության ու մասնագիտական հմտությունների շուրջ ու նույն լրագրողներն են круговая порука ստեղծել, որի պայմաններում իրենց նկատմամբ ոչ ճիշտ գործած ցանկացած մարդ անարգանքի սյունին է գամվում, իսկ արդեն իրենց գործած սխալի մասին խոսել չի կարելի։ Ինչո՞ւ։ Որեվհետև իրենք լրագրողներ են, իրենք մեղք են, իրենք հալածվում են, իրենք կոլլեգաներ են, իրենք էլ են մարդ և այլն․․․ Այս երկակի ստանդարտները արդեն զզվացրել են բոլորին ու երբ գանգատվում են, թե ինչո՞ւ են պաշտոնյաներն հենց այդ ոճով շփվում, մնում է թերևս պատասխանել, որ ոչ միայն պաշտոնյաները, այլև հասարակության ավելի հասարակ շերտերի ներկայացուցիչներն են հենց այս կերպ ընկալում լրագրողներին ու դրանում մեղավորը հենց լրագրողներն են ու նրանց որդեգրած գործելաոճը:

Հ․Գ․ Ամենևին չեմ ուզում ընդհանրացնել ու բոլորին մեկ վրձինով ներկել ու արդարության համար չմեղանչելու համար, պետք է ասեմ, որ երբեք մտքովս չի անցնի պատկերացնել նույն Արա Աբրահամյանին Եռաբլուրում գործելուց այնպես, ինչպես իր կրտսեր կոլլեգաներն էին գործում և ցանկանում եմ հավելել, որ մենք իրոք ունենա պրոֆեսիոնալ լրագրողներ, ում անհատապես գրվածը չի կարելի վերագրել։

Thursday, January 28, 2016

Վուլգար լրագրություն

Մեր իշխանավորները սիրում են որոշակի տոն օրերին, ինչպիսին հունվարի 28-ն է, այցելել եռաբլուր։ Այդ օրը Եռաբլուր պարտադիր այցելում են նաև ևս երկու կատեգորիայի մարդիկ․ պրոֆեսիոնալ մուրացիկներն ու լրագրողները։ Ու այս «Եռամիասնության» արդյունքում ծնվում է մի զզվելի բան, որն արդեն դարձել է ավանդական։

Մի կողմ դնենք մուրացկաններին, ովքեր առանց ամոթի ու խղճի խայթի կարող են տեսախցիկների առաջ նսեմանալ ամեն կերպ, հերոսացնեն վերջին տականքին ու կորցնեն մարդկային կերպարանքի վերջին նշույլներն իսկ։

Մի կողմ դնենք Եռաբլուր այցելող իշխանավորներին ու բարձրաստիճան պետական այրերին, որոնցից շատերը իրենց պաշտոնավարման ընթացքում հասցրել են ուրանալ ու ոտատակ տալ այն ամենը, ինչի համար արյուն են թափել ու հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքն են դրել Եռաբլուրում հանգչող տղաները։

Եկեք խոսենք Եռաբլուր այցելող լրագրողների մոտ արդեն թրենդ դարձած վարվելակերպի ու էթիկետի (ճիշտ կլինի ասել՝ դրա ի սպառ բացակայության մասին)։ Այն ինչ անում են լրագրողներն էլ չէ, լրագրող աշխատող կերպարները, ես անվանում եմ վուլգար լրագրություն։ Ագրեսսիա, անդաստիարակություն ու լրագրողական էթիկայի կոպիտ խախտումներ։ Տպավորություն է, թե իրար մեջ մրցում են, թե ով ավելի վիրավորական հարց կամ ակնարկ կանի այս կամ այն պաշտոնյային, ով այնպիսի իրավիճակ կկարողանա ստեղծել, որ պաշտոնյաներից մեկի նյարդերը տեղին տան ու ինչ որ բան ասի, որպեսզի դրանից րոպեներ անց, այդ հոլովակը հայտնվի համացանցում ու բոլորը քլունգներն առնեն ձեռքները ու թափվեն ֆեյսբուք։

Պարոնայք ու տիկնայք եռաբլրային վուլգարներ։ Հասկանո՞ւմ եք արդյոք, որ զազրանք առաջացնելու տեսանկյունից, դուք ոչնչով հետ չեք մնում ո՛չ այնտեղի մուրացկաններից, ոչ էլ այն այրերիցց, ում գնում եք սադրելու։ Չգիտե՞ք արդյոք, թե որտեղից է լրագրողի աշխատանքը վերածվում բեսեդայի զրույցի ու լաչառի ճղճղոցի։ Տեղյա՞կ եք արդյոք, որ սուր հարց տալը չի նշանակում ձեր սուբյեկտիվ դատողությունների, տեսակետի, կեննսափորձի գերակայություն։ Դժվա՞ր է պահպանել պրոֆեսիոնալիզմը՝ ծառայողական պարտականություններն իրականացնելիս։ Եթե Ձեզ խեղդում է Ձեր սուբյեկտիվիզմը, բարեխղճորեն կատարեք Ձեր գործը, հետո եկեք ու Ձեր բլոգում, կամ էլ ֆեյսբուքյան Ձեր էջում գրեք Ձեր սուբյեկտիվ կարծիքն ու տեսությունը և ում այն հետաքրքիր է՝ հրամցրեք նրան։ Սակայն երբ դուք լրագրողի կարգավիճակում, կատարում եք լրագրողական աշխատանք, ինձ հետաքրքիր չէ, թե պայմանական ֆահրադ Փայլակյանը, կամ էլ Հարություն Խուճիկյանը ինչ սուբյեկտիվ կարծիք ու դիրքորոշում ունի, ինձ հետաքրքիր է նրանից ստանալ օբյեկտիվ, անաչառ ու անկողմնակալ լրատվություն։

Մի վուլգարացրեք լրագրություն, պարոնայք ու տիկնայք լրագրողներ։

Friday, January 22, 2016

Մի տականքության պատմություն, կամ ինչպես աշխատել կես միլիոն դոլար՝ դաունի սինդրոմով երեխային շահարկելով (Photo)



Հիշո՞ւմ եք, անցած տարի ողջ ֆեյսբուքը խոսում էր այն մասին, թե ինչ տականք է այն մայրը, ով հրաժարվել էր իր երեխայից, երբ իմացել էր, որ նա դաունի համախտանիշով է ծնվել։ Հետո հայտնվեց երեխայի անձնուրաց հայրը, ով նոր զելանդացի էր ու պատրաստակամություն հայտնեց երեխայի խնամքը իր վրա ստանձնել, միայն թե նրան փող էրր պետք, որպեսզի վերադառնա Նոր Զելանդիա, քանի որ այնտեղ կյանքը փոքրիկ Լեոյի համար շատ ավելի հարմար ու հեշտ կլինի։ Կարեկից մարդիկ էլ անչափ հուզվեցին այս պատմությունից ու սկսեցին գումար հանգանակել այդ գործի համար։ Ձեռքի հետ էլ անիծում էին երեխայի հայ մորը՝ Ռուզան Բադալյանին։


Իսկ հետո սկսեցին տարօրինակ փաստեր ջրի երես գալ։ Նախ, պարզվեց, որ այդ «քաջ ու անձնուրաց» հայրը չգիտես ինչու հանդես չէր եկել նման պատրաստակամությամբ իր մնացած, մի քանի երեխաների համար, որոնց մեջ դաունի նույն համախտանիշովներ էլ կան։ Հետո պարզվեց, որ Հայաստանում եղած ժամանակահատվածում ոչ մի բանով չի զբաղվել ու գումար չի աշխատել։ Հետո երեխային վերցրեց, փողերը ստացավ ու գնաց Նոր Զելանդիա։

Իսկ այսօր արդեն կարծում ենք երջանիկ ընտանիքի վերամիավորման մասին։ Պարզվում է, որ փոքրիկ Լեոյի մայրը հաշտվել է ամուսնու հետ ու այժմ նրանք իրենց երեխայի հետ միասին բնակվում են Նոր Զելանդիայում։ Ու ինձ ցնցեց թիվը․ պարզվում է, որ բարեսիրտ մարդկանց հաշվին, այս ավանտյուրիստ զույգը շուրջ 500,000 դոլար գումար է կպցրել։ Լսո՞ւմ եք, հինգ հարյուր հազար․․․ կես միլիոն․․․ ԴՈԼԱՐ․․․

Սա ավելի շատ է, քան Հայաստանում հատկացնում են ԲՈԼՈՐ այն երեխաների համար, ովքեր ունեն այս սինդրոմը, բայց եթե ես իմանայի, որ այդ գումարը ծախսվելու է միայն Լեոյի վրա, ապա ձայն չէի հանի։ Սակայն քանի մտածում եմ, այնքան հանգում եմ այն եզրակացությանը, որ այս ողջ պատմությունը պարզապես լավ բեմադրված աֆյորա էր՝ միտված հասարակության խղճահարությունը հարուցելով գումար աշխատելուն։ Հիմա աֆերիստների այս զույգը արդեն կիսատ դոլարային միլիոնատեր է ու թքած, թե այդ գումարը չի հավաքվել իրենց հիվանդ փոքրիկին շահարկելով ու դրամատիկ ֆարս բեմադրելով։

Աստված իրենց դատավոր․․․  

Wednesday, January 20, 2016

Անառակ որդու վերադարձը, կամ ինչպես ՀՅԴ-ն կրկին ՕԵԿ-ություն արեց

Այսպիսով, դատելով մամուլի հրապարակումներից ու տեղեկատվական արտահոսքերից, դաշնակները արդեն որերորդ անգամ կոալիցիա են կազմելու ՀՀԿ-ի հետ։ Սակայն այս պնդման մեջ կա մի տեխնիկական վրիպակ։ Բանն այն է, որ կոալիցիա բառի դասական իմաստը ենթադրում է համագործակցություն, իսկ դաշնակների հետ ոչ ոք համագործակցության մասին չի պայմանավորվել։ Պայմանավորվածությունը եղել է հաճախորդացման․․․ ավելի շուտ՝ կրկին հաճախորդացման մասին։

Այսօրվա դրությամբ արդեն մի տեսակ անարդար է դարձել հաճախորդացման ողջ կուժն ու կուլան ՕԵԿ-ի գլխին թափելը, որովհետև դաշնակները անգամ ՕԵԿ-ին տվեցին-անցան։ Տպավորություն է, որ քաղաքական մանյովրների հարցում, ՀՅԴ-ի գլխավոր ոգեշնչման առարկան հին ու բարի «Չխկլը-բաց, չխկլը-փակ» մանկական խաղն է․ երբ ուզում դուրս են գալիս, երբ ուզում մտնում են։

Դաշնակները վստահ են (առայժմ՝ ոչ այնքան անհիմն), որ իրենց անցողիկ 5 տոկոսն ունեն այսպես թե այնպես ու հիմա էդ 5 տոկոսը հնարավորինս թանկով ու հնարավորինս հաճախ ՀՀԿ-ի վրա «խուրդելու» պրոցեսսին ենք ականատես լինում։ Ընդ որում, բնավ չեմ կարծում, որ ՀՅԴ-ն երկար կոալիցիայում մնա։ Արդեն ընտրությունների նախաշեմին, պարոնայք Յեղափոխականները էլի կհիշեն, որ իրենց խիստ դեմ են ռեժիմին ու դրա վարած քաղաքականությանը և էլի ընդդիմության կհռչակեն։ Մինչև մյուս անգամ կոալիցիայի մեջ մտնելը։

Եվ այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այս մարած օբլիգացիա քաղաքական ուժը պահպանում է իր ակտուալությունն ընտրազանգվածի մոտ ու գոնե իր դեկորատիվ գործառույթով պետք է նույն Ռեժիմին ու ՀՀԿ-ին։

Monday, January 18, 2016

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, կան խուլիգաններ, ովքեր ուզում են քաղբանտարկյալի դեր խաղալ

Ես չգիտեմ, թե ինչ են ծխում իրավապաշտպանները Human Rights Watch-ում, բայց երբ զեկույց են կազմում, որտեղ ակնարկվում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, ակնհայտ է դառնում, որ նրանք կամ ադեկվատ չեն եղել այդ զեկույցը կազմելիս, կամ էլ, որ ավելի հավանական է, իրենց պատվիրատուների հրահանգով փորձում են անտեղի սրացումներ մտցնել Հայաստանի ներքաղաքական-հասարակական միջավայրում։

Ո՞ւմ են փորձում քաղբանտարկյալ դարձնել։ Անուններով անցնե՞նք։

Շանթ Հարությունյանի՞ն։ Բայց մարդուն ոչ այնքան իր կոչերի ու բռնության սպառնալիքների համար նստացրեցին, այլ շատ կոնկրետ խուլիգանական արարքների, որոնք հանրային վտանգ էին ներկայացնում։ Մարդն անկարգություններ է կազմակերպում, օրը ցերեկով պայթուցիկներ է տրաքացնում քաղաքի ամենաբանուկ մասում, մեծ փայտով ծեծի է ենթարկում մեկ այլ քաղաքացու, ով ի դեպ իր կողմնակիցներից էր, իսկ հետո նրան սկսում են մատուցել, որպես հրեշտակ ու պայքարող տեսակ։ Հիմա եթե ոչ թե Շանթ Հարությունյանը բահի փայտով մարդ ծեծեր ու անկարգություններ հրահրեր, այլ ասենք Կվառտալցի Ծուռը, նա է՞լ քաղբանտարկյալ էր դառնալու։

Հայկ Կյուրեղյանի՞ն։ Բայց էլի կներեք, մի՞թե քաղբանտարկյալ կարելի համարել մեկին, ով էլի օրը ցերեկով ու տեսախցիկների առջև կանգնում է մեքենայի վրա ու օդամղիչ ատրճանակով սկսում կրակել ոստիկանների վրա՝ ոմանց պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ընդ որում, ոստիկաններն էլ համազգեստով էին ու ծառայության իրականացնելու պահին այդ միջադեպը տեղ գտավ։ Հիմա Կյուրեղյանի կապիկությունները՝ հացադուլ հայտարարելու տեսքով, դեռ կարելի է հասկանալ, որովհետև սեփական կաշվի համար է անում։ Անհնար է հասկանալ կողմնակի մարդկանց, ովքեր սույն պանծալի հերոսին են, որպես քաղաքական հալածյալ ներկայացնում։ Հիմա եթե ոչ թե Հայկ Կյուրեղյանն աներ սա, այլ նույն հիպոթետիկ Կվառտալցի Ծուռը, նրան քաղբանտարկյա՞լ էին հռչակելու, երբ նա դատվեր իրավապահի նկատմամբ ուժ կիրառելու համար։

Գուցե Գևորգ Սաֆարյա՞նը։ Այս մարդը արդեն հասցրել է այնպիսի բոցաշունչ տխմարություններ ասել հանրահավաքների տրիբունների (մասնավորապես՝ «անիմաստ» զոհվող զինվորների մասին), որ ֆեյսբուքի ամեն երկրորդ օգտատեր գոնե մեկ անգամ հայհոյել է նրան, սակայն նրան դրա համար չեն դատել, ոչ էլ տխմար քաղաքական հայացքների, այլ քրեական գործ է հարուցված՝ ոստիկանի նկատմամբ ուժ կիրառելու դրվագով։ Դատելով նրանից, որ Նոր Հայաստանը համառորեն չի հրապարակում բախման տեսանյութը, կարելի է հետևություն անել, որ Սաֆարյանի տակը մաքուր չի, դրա համար էլ հիմա էմոցիոնալ ալիք են ուզում բարձրացնել, որպեսզի սրբադասեն պայքարող հալածյալների շարքին։ Կվառտալցի Ծուռի օրինակն էլ կրկին չբերեմ։

Ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ։ Դիմություն, կամ էլ ընդդիմություն լինելը յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է։ Սահմանադրական իրավունք է նաև ունենալ ազատ կարծիք ու այլ ազատություններ։ Սակայն եթե մեկն ընտրում է ընդդիմադիրի ուղին ու ակտիվ գործունեություն է ծավալում, դա բնավ չի նշանակում, որ նա իմմունիտետ է ձեռք բերում օրենքների նկատմամբ։ Օրենքի տեսակետից, նման ընդդիմադիրը էապես չի տարբերվում Կվառտալցի Ծուռից՝ իրավունքների ու պարտականությունների մասին, և երբ այդ ընդդիմադիրը հատում է օրենքով սահմանված սահմանը, ապա կրում է պատիժ, ինչպես կկրեր Կվառտալցի ծուռը։ Այնպես որ, դադարեցրեք բարբաջանքները քաղբանտարկյալների մասին, քանի որ այդպիսիք հայաստանում գոյություն չունեն։

Thursday, January 14, 2016

«Ջունգլի» գործով անկախ փորձաքննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ երկրորդ փորձաքննության ժամանակ կոռուպցիոն գործարք է եղել

«Ես էլ կսպանեմ դատախազին, կսպանեմ քննիչին, ինձ էլ թող ազատ արձակեն». «Հրապարակ»Ինչպես հավանաբար հիշում եք, անցած տարի ոմն «Ջունգլ» մականունով սրիկա իր ոհմակի հետ ծեծելով սպանել էր ազատամարտիկի ու դա արել էր նրա ընտանիքի աչքերի առաջ։ «Ջունգլ»-ը գուշակ Ելենա Սարգսյանի որդին է, ով բավականին հայտնի է բախտագուշակների «շուկայում»։ Դժվար է ասել, թե ինչ դերակատարություն է ունեցել այդ հանգամանքը, բայց փաստը մնում է փաստ, որ դատաքննության շրջանակներում անցկացված դատաբժշկական փորձաքննությունը փաստել էր, որ խեղճ ազատամարտիկը մահացել էր ոչ թե ծեծի, այլ ինչ որ բնածին արատի պատճառով, իսկ ծեծը պարզապես համընկել էր։

Ցանկացած ողջամիտ մարդու համար էլ հասկանալի էր, որ եթե ինչ որ բնածին արատ էլ կար, ապա դա նման եզրահանգում անողի ու այդ եզրահանգմանը որպես հավաստի ընկալվելու հույս ունեցողների մոտ, սակայն մի բան է հավատալ-չհավատալը և մեկ այլ բան՝ գործնական քայլեր անելը։ Ու այդպիսի քայլ արվեց․ տուժող կողմը անկախ փորձագիտություն է պատվիրել, որը փաստել է ակնհայտը․ ազատամարտիկը մահացել է ծեծի արդյունքում։

Հետևությունները ոչ պակաս ակնհայտ են՝ նախորդ փորձաքննությունը եղել է աբսուրդային ու հաշվի առնելով քննվող գործի լրջությունն, ինչպես նաև մեղադրվող կողմի բարոյականության սանդղակը, մեղմ ասած չի կարելի բացառել, որ տեղ է գտել կոռուպցիոն գործարք, որի շնորհիվ էլ պարզվել է, որ ոտատակ տված տարեց մարդը մահացել է ոչ թե ծեծի արդյունքում, այլ անսպասելիորեն զուգադիպած բնածին արատի սրման հետևանքով։

Կարծում եմ, որ պետք է միանգամից մի քանի քրեական գործ հարուցել այս դատաքննության ընթացքում ծավալված իրադարձությունների հիմման վրա․

1․ Կաշառակերության ու խարդախության մասով՝ փորձաքննության դրվագով։
2․ Տուժող կողմի վրա ճնշումներ գործադրելու հատկանիշներով՝ մեղադրյալի ծնողների նկատամամբ (մայրը դատի է տվել տուժողի քրոջը՝ Մարիետա Թումանյանին, գործարար համբավը արատավորելու համար, իսկ հայրը սպառնացել է «սատկացնել» նրան)։

Wednesday, January 13, 2016

«Փախստականների» լկտիությունները Եվրոպայում բերելու են նացիզմի ռեստավրացմանը

Տարին դեռ նոր է սկսվել, իսկ «Սիրիացի» փախստականները արդեն հասցրել են էլ ավելի կատալիզացնել եվրոպացիների ատելությունն իրենց հանդեպ։ Ինչու եմ չակերտներում գրում․ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հենց Սիրիայից եկած մարդկանց թիվը այն մարդկանց բազմության մեջ, ով քաղաքական ապաստան է ստացել Եվրոպայում՝ սիրիացի փախստականների անվան տակ, կազմում է լավագույն դեպքում ընդհանուր թվի 30 տոկոսը։ Մնացածն Աֆղանստանից, Իրաքից, Սուդանից, Էրիթրեայից ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներից են։

Եվ այժմ այս խաժամուժը բռնությունների նոր ալիք է ձեռնարկել և հատկապես Գերմանակն քաղաքներում խմբակային բռնաբարությունների ու սեռական ոտնձգությունների հսկայական ալիք է բարձրացել։ Ուսումնասիրելով իրավիճակը, տպավորություն է, որ Գերմանիայի իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի նման արարքները մնան անպատիժ ու այդ ալիքին ի պատասխան առաջանա հակաալիք․․․

Իսկ հակաալիքը տվյալ հարցի համատեքստում անխուսափելիորեն կրելու է վառ արտահայտված ուլտրա-աջ բնույթ և դրա առաջամարտիկները լինելու են նեոնացիստական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այն բանից հետո, երբ Գերմանիայի ժողովուրդը համոզվի, որ իրական անվտանգություն ապահովել պարտավոր պետությունը ոչինչ չի անում և անատամ քաղաքականություն է վարում փախստականների անիրավությունների դեմ, մարդիկ կտրուկ կվերանայեն իրենց հայացքները, այդ թվում՝ նացիզմի ու նեոնացիզմի նկատամամբ, որոնց կողմից կտեսնեն միակ գործուն քայլերն՝ ընդդեմ եկվորների ամենաթողության։

Այսպիսով, արդեն կարճաժամկետ հեռանկարում կարելի է ակնկալել Գերմանիայի ու մի շարք այլ արևմտաեվրոպական երկրների նացիստական ընդհատակի լեգիտիմացիան՝ հասարակության լայն շերտերի մոտ, ինչը հղի է անկանխատեսելի հեռանկարներով ինչպես հենց Եվրոպայի, այնպես էլ մնացյալ աշխարհի համար։ Թերևս միայն միգրանտների ճակատագիրն է հեշտ կանխատեսելի նման սցենարի կյանքի կոչման դեպքում․ եթե ամեն ինչ շարունակվի այս տրամաբանությամբ, ապա Եվրոպայում տեղ կգտնի երկրորդ Հոլոքոսթ, որին զոհ կգնան ոչ թե հրեաները, այլ հատկապես մահմեդական դավանաբանությանը հարող ներգաղթյալներն ու էթնիկ տարրերը։

Tuesday, January 12, 2016

Սուրբ ակԾիվիզմը կամ պայքարիստական ինդուլգեցիա

ԱկԾիվիստը ու ընդդիմադիրը մեզ մոտ սուրբ է ու անբիծ։ Ապրիորի այդպես է։ Անկախ հանգամանքներից ու տվյալ դրվագի առանձնահատութկուններից։ Նա ռեժիմին դեմ է, ուրեմն նա այլևս չի կարող սխալ բան անել, իսկ եթե անգամ անի, միևնույն է՝ մեղավորը Ռեժիմն է, Երկիրն է, Պետությունն է, Թալանչիներն են...

Այ մոտավորապես այսպիսի աշխարհայացք ունեն շատ մարդիկ՝ դատելով սոցցանցերի մեկնաբանություններից ու ակտիվ քննարկումներից։ Աբսուրդային է թվում, այդպես չէ՞։ Թվում է, բայց արի ու տես, որ ոչ բոլորին։ Երևի այդպիսի շաբաթ չի անցնում, որ հերթական պայքարիստ-ակԾիվիստը մի հիմարություն չանի ու դա արձագանք չառաջացնի և ամեն անգամ տեսնում ենք մի հոծ բազմություն, որ պատրաստ է սատարել ցանկացած նման հիմարություն ու նեցուկ կանգնել հիմարի կողքին, ինչ է թե ակտիվիստ է ու ռեժիմի դեմ է պայքարում։ Սա ես կոչում եմ պայքարիստական ինդուլգենցիա, երբ քո բոլոր սխալները ներելի են զուտ նրա համար, որ դու իբր պայքարում ես։

Օրինակներով խոսե՞նք։ Խնդիր չկա։

Թերևս այս անհեթհեթության արշավի նախահայրը Տիգրան Առաքելյանն է, ում կնքեցին քաղբանտարկյալ, երկար պայքարեցին, որպեսզի ոստիկանների հետ բախման համար դատված Առաքելյանին ազատեն ու վերջա համաներումով ազատեցին։ Արդյունքում ի՞նչ։ Արդյունքում Առաքելյանը հիմա էլի նստած է՝ մի քանի քաղաքական գործիչներից շանտաժով դրամաշորթություն անելու փորձի համար, սակայն այս անգամ փաստերն այնքան ակնառու էին, որ անգամ յուրայիններն են ձայնները կտրել։

Գևորգ Սաֆարյանն էլ հետ չի մնում։ «Անիմաստ զոհվող» զինվորների բոցկտլտուն հիմարությունից օրեր հետո, հերթական մայմունության սեանսի ժամանակ ուժ է գործադրում ոստիկանի նկատմամբ ու քրեական գործ է հարուցվում նրա դեմ։ Հիմա սրան էլ են կնքել քաղբանտարկյալ։

Էդ Սաֆարյանենց ջահելությունց ևս մի գանգուր աղջիկ հայտարարում է, որ իրեն երկու ամրակազմ տղամարդ ծեծի են ենթարկել, բայց վրան մի քերծվածք չկա։ Հայտարարությունն էլ այն աստիճան շինծու է, որ տարածած տեսագրությունում պարզ լսվում է, թե ինչպես են կողքից հուշում, թե ինչ է պետք ասել, սա էլ կրկնում։ Բայց դե հիմա, կարևոր նա է, որ սուրբ նահատակի իմիջ է պետք, իսկ համբոխը հիացական մկկոցներ է արձակում։

Հիմա էլ ինչ որ անհայտ օրիորդ մեկ օրվա մեջ աստղ դառավ ու համազգային քննարկամն առարկա։ Ո՞ր արժանիքի համար, կհարցնեք դուք։ Զուտ նրա համար, որ Շուշան Պետրոսյանն էր նրան լակոտ անվանել ու ասել «աչքերդ կհանեմ»։ Մի աղմո՜ւկ, մի աղաղա՜կ... Աղաղակողների մեծ մասին հետաքրքիր էլ չէ,կ թե ինչին ի պատասխան են ասվել այս խոսքերը: Այնինչ հերթական հերոսը, ռեժիմի ահն ու սարսափը հայտարարել էր, որ ոչ ավել, ոչ պակաս նողկում է այս ազգից, իսկ բանակում զինվորների գլխուն ուտում են ոչ թե թուրքերը, այլ հրամանատարները։ Այլ կերպ ասած՝ մեկին մեկ ադրբեջանական քարոզչություն։ Սակայն ո՞ւմ է դա հետաքրիր, չէ՞ որ նա պայքարիստ է ու ռեժիմի դեմ է, հետևաբար, եթե ինչ որ բան էլ սխալ է ասում, որեմն մեղավորը ինքը չէ, այլ թալանչիները, ռեժիմը, բալոր-բոլորը։ Չէ՞ որ նա ևս պայքարիստական ինդուլգենցիա ունի այսուհետ...

Monday, January 11, 2016

Սաուդյան Արաբիան ընդդեմ Իրանի. ո՞վ կհաղթի բաց հակամարտության դեպքում

Գնալով ավելի են սրվում Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները և ամենևին բացառված չէ, որ բանը հասնի բաց ռազմական բախման՝ երկու երկրների միջև։ Ստեղծված դրությունում, հաճախ կարելի է հանդիպել տարբեր վերլուծությունների ու վիճակագրական տվյալների, որոնք կարծես թե չեն խոսում հօգուտ իրանի, սակայն ավելի խոր վերլուծելով ուժերի բոլոր լծակներն ու պոտենցիալը, կարելի է հանգել այն եզրակացությանը, որ Իրանի հետ պատերազմի մեջ մտնելով, Սաուդյան Արաբիան ամենայն հավանականությամբ կդադարի գոյութուն ունենալ որպես այդպիսին։

Դիտարկենք կողմերի պոտենցիալն ու առավելությունները։

Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիան ունի երկու հսկայական առավելություն՝ Իրանի նկատմամբ. փող ու ռազղմական տեխնիկա։ Միայն ԱՄՆ տնտեսության մեջ աշխատող սուդյան ներդրումների ծավալը գերաղանցում է 1 տրիլիիոն դոլարը, ինչը նշանակում է, որ նույնիսկ ոչ մի սենթ չաշխատելով նավթի առևտրից, Սաուդյան Արաբիան կարող է տասնամյակներով գոյատևել ու վարել այն ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը վարում է հիմա։ Սա իսկապես կոլոսալ միջոցներ են, որոնք թույլ են տալիս պնդել, որ ոչ մի պատժամիջոց ու տնտեսական խնդիրներ չեն կարող խեղճացնել սուդներին ավելի շատ, քան Իրանին։

Մյուս կողմից, Սաուդյան Արաբիայի զինված ուժերը համալրված են շատ ավելի ժամանակակից ու մեծ քանակությամբ ռաղմական տեխնիկայով։ Հաշվի առնելով, որ երկու երկրները չունեն ընդհանուր ցամաքային սահման, այլ միայն ծովային՝ Պարսից ծոցում, բարդ չէ կիրառել, որ հավանական անմիջական ռազմական բախման պարագայում, ռազզմական գործողությունների հիմնական թատերաբեմը լինի Պարսից ծոցի ջրերում ու երկնքում, իսկ սուդներն, ինչպես նշեցի, գերազանցում են իրանին թե՛ իրենց ռամական նավատորմի ու օդուժի թվակազմով, թե՛ դրանցում առկա տեխնիկայի արդիականությմաբ։

Իրան

Վերոնշյալըր ամենևին չի նշանակում, որ Իրանը դատապարտված է, որովհետև թեև Իրանն այդքան հարուստ չէ, իսկ դրա զինուժը ԴԵՌ զիջում է տեխնիկական հագեցվածության պահով, բայց փոխարենը Իրանը ունի մի քանիւ այլ բզն, որ չունի Սաուդիան Արաբիան.

1. Իրանն ունի ֆանտաստիկ մոտիվացված բանակ ու բնակչություն և ի տարբերություն սաուդերի, ունի հարուստ փորձ՝ ինչպես մարտական, այնպես էլ հանուն այդ ռազմական նպատակաների՝ տասնյակ հազար զոհեր կամավորներ զոհելու։

2. Իրանն ու Սաուդիան Արաբիան արդեն իսկ թեժ մարտեր են վարում միմյանց դեմ Սիրիայում, Եմենում, հենց Սաուդյան Արաբիայում և Իրաքում։ Ճիշտ է, դա նման է ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի բախումներին սառը պատերազմի տարիներին, բայց այդուհանդերձ՝ այդպիսի բախումներ կան ու դրանք ցույց են տալիս, որ ավելի շահեկան դիրքերում է Իրանը։

3. Ի տարբերություն սաուդների, Իրանն ունի այդ հանրավորությունը կռիվը տեղափոխելու հենց Սաուդյան Արաբիայի տարածք՝ շնորհիվ այնտեղ մեծ տոկոս կազմող շիա բնակչության, որը մեծ խտրականությունների է ենթարկվում։ Էլ չասենք, որ եթե ինչ որ կերպ Իրանի կանոնավոր բանակը հայտնվի Սաուդյան Արաբիայում, ապա ավտորիտար այդ թեոկրատիկ միապետությունը փուլ կգա, ինչպես թղթե տնակը։

4. Եվ վերջում. ԱՄՆ-ին, ի հեճուկս շատ պնդումների, Ձեռք է տալիս այսպիսի առճակատումը ու վստահությամբ կարելի է պնդել, որ ամերիկացիները չեն խառնվելու իրանա-սաուդական կռվին, միայն ձևականորեն խաղաղության կոչեր են անելու, այնպես որ, Սաուդյան Արաբիայի միակ հույսն իր ու իր սատելիտների վրա է, որոնք ինչպես տեսանք Սիրիայի օրինակում, չկարողացան կոտրել սիրիա-իրանական առանցքը, նույնիսկ տասնյակ հազարավոր պրոֆեսիոնալ վարձկանների ու ֆանատիկոսների ներգրավելով։

Friday, January 8, 2016

2016 թվականը ոչ մի լավ բան չի խոստանում մեր տնտեսությանը

2016 թվականի հենց սկզբից պետք է հասկանանք, որ պետք չէ ոչ մի լավ բան ակնկալել՝ երկրի տնտեսական իրավիճակի բարելավվման ու մեր բարեկեցության գոնե պահպանման առումով։ Դրա համար պարզապես չկա ոչ մի նախադրյալ։

Նախ, մեր տնտեսության հիմնական սնուցիչ ուժ հանդիսացող տրանսֆերտները էլ ավելի են նվազելու, որովհետև Ռուսական տնտեսությունը արունակելու է տքնել պատժամիջոցների ու էներգակիրների ցածր գների պատճառով, ինչը բնականաբար չի կարող չազդել նաև նույն այդ տնտեսությունից մեր տնտեսություն եկող տրանսֆերտային խողովակի վրա։

Մյուս կողմից, ոչ մի բան չի հուշում, որ մեր պետությունն ու խոշոր բինեսը պատրաստվում է այնպիսի լուրջ բարեփոխումներ մտցնել մեր տնտեսական քաղաքականության մեջ, որը կկարողանար չեզոքացներ վերոնշյալ բացասական էֆեկտները։ Ամենայն հավանականությամբ, այսս տարի էապես կաճի մեր արտաքին պարտքը մի կողմից ու կնվազի շուկան՝ արտագաղթի ու գնողունակության անկման պատճառով՝ մյուս կողմից։

Իհարկե, նույնիսկ բացառապես ներքին ռեսուրսի արդյունավետ կառավարմամբ հնարավոր կլիներ մեղմել այս բոլոր բացասական էֆեկտները, եթե չասենք, որ նույնիսկ հնարավոր էր զրոյացնել դրանց բացասական ազդեցությունը, բայց դրա համար պետք է քաղաքական կամք՝ ամենաբարձ մակարդակով և պրոֆեսիոնալիզմ՝ մնացած բոլոր մակարդակներում, իսկ դա նույնիսկ ավելի քիչ հավանական է, քան այդ չարաբաստիկ քաղաքական կամքը։

Մնում է հուսալ, որ 2016-ին սպասվող վնասներն ու կորուստները չեն լինի անտանելի ու ինչ որ տեղ կլինեն սթափեցնող ինչպես երկրում ապրող ժողովրդի, այնպես էլ իշխանությունների՝ այն առումով, որ բոլորս էլ մի նավակի մեջ ենք և որքան ժողովուրդը չի կարող գոյատևել առանց մարդավայել պայմանների, այնպես էլ իշխանությունը չի կարող լինել որպես էդպիսին՝ առանց այդ ժողովրդի։